«Իրատեսի» զրուցակիցը արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է։
-Ի՞նչ է անում գրողը գրելու համար։
-Ելնելով ժամանակակից գրական դաշտից՝ գրելու համար գրողը պետք է տառերը սովորի, տառերն իմացար՝ արդեն դասական ես...
-Նոր գործեր գրե՞լ եք այն օրերին, երբ շփվելու, տնից դուրս գալու հնարավորությունները նվազագույնի էին հասցված։
-Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ համաշխարհային հիստերիա առաջացրեց այս վիրուսը։ Գոնե ինձ համար անհնար է հիստերիայի մեջ գրելը։ Եթե ուրիշներին մեկուսացում է պետք գրելու համար, ապա ինձ՝ ճգնակեցություն. երբ մարդու երես չես տեսնում, դու ես ու տիեզերքը, երբ նայում եք միմյանց աչքերի մեջ և հորինում իրար... թեև, եթե հնարավորություն լինի, պատմվածքների նոր ժողովածու ունեմ, որը կարելի է հրատարակել։
-Ի՞նչ գործերի վրա էիք աշխատում, և արդյո՞ք համավարակից հետո դրանք վերանայելու-վերափոխելու կարիք չի լինի։
-Համավարակը ո՛չ իմ կյանքում, ո՛չ իմ աշխարհայացքում բան չի փոխել։ Ես, իհարկե, միշտ նախանձել եմ այն գրողներին, որոնք տարիներ հետո վերամշակում ու վերանայում են իրենց գործերը։ Վերջակետ դնելուց հետո ինձ համար անհնար է գործում բառ փոխելը։ Ես ջրի պես հարահոս եմ՝ ամեն օր եմ փոխվում, ամեն օր այլ մարդ եմ, ինձ համար անհնար է զգալ կամ մտածել այն, ինչ ես զգացել կամ մտածել եմ մի շաբաթ կամ մի ամիս առաջ։ Եվ վերանայել-վերափոխելը կնշանակի կեղծել։
-Մշակութային նախագծերի պակաս չունեցանք նաև մեկուսացման օրերին։ Թե՛ պետական կառույցները, թե՛ անհատ ստեղծագործողները առցանց հարթակում հաղորդակցվում էին հանրության հետ։ Ստացվում է` երբ բնականոն հունով ընթանում էր կյանքը, մշակույթի համար ժամանակ չկար, երբ տանը նստած ես, կարող ես մտածել նաև ինտելեկտուա՞լ ժամանցի մասին։
-Արվեստով զբաղվելը, թե՛ որպես ստեղծող, թե՛ որպես սպառող, վայելք է։ Պետք է ժամանակ ունենաս վայելքին տրվելու։ Այո, համավարակի օրերին մեր արվեստագետներից ով ինչ հունար ուներ, ցույց տվեց էլեկտրոնային հարթակում, անգամ շպագատ իջան։ Խոսքս, իհարկե թանգարանների և դասական արվեստի մասին չէ։ Թանգարանները երբեք չեմ սիրել, ինձ համար դրանք դամբարաններ են։ Դասական արվեստը առցանց չի գրավում, որովհետև իմ ընկալմամբ սիմֆոնիայի մաս են նաև դահլիճը, որտեղ ես այն լսում եմ, ջութակահարի կամ շեփորահարի ձեռքերը, դիրիժորական փայտիկը և այլն։ Դժվար թե խոհանոցումդ լսած սիմֆոնիան ինչ-որ բան տա։ Նույնը կարելի է ասել նկարչության, թատրոնի և այլնի մասին։ Այս դեպքում դա ճարահատյալ քայլ է։ Ինչ վերաբերում է գրական ստեղծագործություններին` իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրածով, գրառումներով, արտահայտած մտքերով և այլն, ես ավելի շատ ուսումնասիրում եմ դրանց հեղինակների հոգեբանությունը, քան նրանց գործերը։ Ասեմ, որ դա էլ է շատ հետաքրքիր զբաղմունք։
-Ինքներդ առցանց հարթակն օգտագործու՞մ եք որպես ընթերցասերների հետ կապ պահելու ժամանակակից միջոց։
-Ինչպես բոլորը, ես էլ առցանց հարթակն օգտագործում եմ ոչ միայն որպես կապի միջոց, այլև իմ գործերը պրոպագանդելու, ընթերցողին հասցնելու, ճանապարհ կարճելու, ժամանակ խնայելու, իմ գոյության մասին հիշեցնելու միջոց։ Առաջ դա լրացուցիչ միջոց էի համարում, հիմա արդեն, ցավոք, միակ միջոցն է, եթե հաշվի առնենք հեռուստաընկերությունների համերաշխ ատելությունը արվեստի հանդեպ...
-Ձեր գրքերը հասանելի են էլեկտրոնային տարբերակով։ ՈՒնե՞ք ընթերցողներ թվային տիրույթում։ Գրողի համար էակա՞ն է, թե ինչ կրիչով գիրքը կկարդան։
-Ցավոք, էլեկտրոնային գրադարանները, հրատարակչությունների կայքերը պահանջում են ունենալ հատուկ սարքեր, ծրագրեր՝ կարդալու համար, մի մասը վճարովի է, իսկ հայաստանյան ընթերցողը ոչ կարող է մասսայաբար գնել, ոչ էլ «քաշել» այդ ծրագրերը։ Դրա համար ֆեյսբուքում բացել եմ իմ անձնական էջը և գործերս այնտեղ եմ տեղադրում։ Ինչ վերաբերում է ընթերցողների քանակին այս տիրույթում, չգիտեմ՝ դա ինչպե՞ս են ճշտում, բայց երևի կլինեն։
-Այս օրերին անհատ ստեղծագործողներն օգտվեցի՞ն պետական աջակցության ծրագրերից։ Եվ առհասարակ, ի՞նչ է արվում սատարելու համար արվեստագետին։
-Ճիշտն ասած, հեռուստացույցով տեսա, որ ինչ-որ արկղեր բաժանեցին։ Չգիտեմ` ով էր այդ մտքի հեղինակը, բայց արվեստագետին այդպես չեն ուշադրության արժանացնում։ Դա ավելի շատ նախարարության ինքնացուցադրում էր, քան վաստակաշատ արվեստագետների սատարում։ Վաստակաշատ արվեստագետը պետք է պետությունից թոշակ ստանա, անկախ իր տարիքից, ոչ թե մահվան սպառնալիք վիրուսի ներքո նրան «պեչենի» ու խտացրած կաթ տանեն։ Վերջին հաշվով, այդ գումարը կարելի էր նրանց հաշվեհամարներին փոխանցել։
-Հասարակական-քաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Համավարակի դեմ պայքարում կարծես թերանում ենք։ Դա ավելի շատ իշխանությունների՞ բացթողումն է, թե՞ հանրության։
-Որևէ գործում թերանալը կամ չթերանալը պարզվում է այդ գործի ավարտից հետո։ Դեռ վիրուսի դեմ պայքարում ենք, դեռ ընթացքի մեջ ենք, ոմանք արդեն ողբում են՝ թերացանք, վա՜յ, փրկեք, վերացավ ազգը, երկիրը... Գիտե՞ք ինչ, գնացեք ձեր կյանքի վրա բայղուշություն արեք։ Մեզանից զարգացած եվրոպական շատ երկրներ, կայացած բժշկական ու ապահովագրական համակարգերով տեսեք ինչ վիճակում են։ Իսկ ի՞նչ պիտի անեինք մեր սոցիալապես չզարգացած երկրում, չվերազինված հիվանդանոցների պայմաններում, տարիներ շարունակ քայքայված մեր առողջությամբ, աշխարհում առաջին տեղը գրավող ուռուցքակիրների քանակով.. Փառք Աստծո, որ դեռ էսքան էլ կանք։ Ինչքան էլ լավ բժիշկներ ունենանք, այսօր տեխնիկան է հարց լուծում, և էն ժամկետանց դեղորայքը, որ երեսուն տարի մտել ու դեռ մտնում է Հայաստան, էն թշնամիները, որոնք իրենց գործունեությամբ առ օրս վնասում են երկրին։ Այո, մարդիկ վիրուսից չեն մահանում, այլ տարիներ շարունակ թերսնումից կորցրած իմունիտետի բացակայությունից, ներկրված անորակ, գուցե և թունավոր, չվերահսկվող սննդից, ժամկետանց դեղեր խմելուց, բուժվելու հնարավորություն չունենալուց և այլն։ Եվ առհասարակ, երբ երաշտ տարում անտառն այրվում է՝ ծառե՞րն են մեղավոր, արև՞ը, օ՞դը, ամի՞սը, հո՞ղը, ո՞վ։
-Ի դեպ, գրողի ձայնը գրեթե չի լսվում երկրի համար կարևոր այս օրերին։
-Այսինքն, եթե պատերազմ ու վարակ չկա, այդ օրերին ոչ գրողն է պետք, ոչ իր ձա՞յնը։ Ծիծաղելի է, երբ միայն այսպիսի պահերին են հիշում գրողներին։ Իսկ ո՞վ է ճանաչում այսօրվա գրողին, որ նրա խոսքն էլ կշիռ ունենա կամ չունենա։ Ե՞րբ, որտե՞ղ է այսօրվա մարդը շփվել գրողի հետ՝ կինոյում, թատրոնում, հեռուստաէկրանից, որ սպասի նրա խոսքին։ Իհարկե գրողի ուժերը ճիշտ օգտագործելու դեպքում, նա շատ բան կարող է տալ պետականաշինությանը, բայց...
-Դուք նաև «Կայարան» հանդեսի խմբագիրն ենք։ Ի՞նչ կասեք նոր ստեղծվող գրականության մասին։
-Մշակույթը, ես մի անգամ էլ եմ ասել, հոգևոր շքեղություն է, ինչպես շքեղություն են պալատները, գործարանները և այլն, և դրա պահպանման համար ևս պետք է ներդրում անել։ Հնարավոր չէ գրականություն ունենալ առանց ծախս անելու, առանց գրականության մշակին չնչին վճարով գոնե վարձատրելու։ Շատ ու շատ տաղանդավոր մարդիկ վազելով գալիս են գրականություն ու վազելով հեռանում, որովհետև այս ամենին գումարվում են նաև գրական դաշտի անտերությունն ու չկայացածների չարությունը։ Ո՞վ է յուղ ու մեղր խմել, որ այս ամենին դիմանա։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարը`Նարեկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ